Պատմական ակնարկ
Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում
Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենաարագ աճող ոլորտներից է: Հայաստանի սոցիալական և տնտեսական ոլորտի համար հանքարդյունաբերության կարևորության լույսի ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը առանձնակի ուշադրություն է հատկացնում ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, ինչը ժողովրդավարական կառավարման հիմնաքարն է: Հասարակությանը հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող ամբողջական և պատեհաժամ տեղեկատվությամբ ապահովելը բխում է տեղեկատվության ազատության մասին մարդու իրավունքից, նպաստում է արդյունավետ հանրային վերահսկողության հաստատմանը և ոլորտի մասնակցային կառավարմանը:
Հանրապետական երկրաբանական ֆոնդի թվայնացում
«Հանրապետական երկրաբանական ֆոնդը» ստեղծվել է 2002 թվականին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում: Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թվականներից հավաքագրվել և պահպանվում են հանրապետության տարածքում կատարված ընդերքի երկրաբանական ուսումնասիրության գրեթե բոլոր աշխատանքները, կուտակվել է այդ աշխատանքների, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում ստացված ամբողջ երկրաբանական և այլ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի տեսքով:
Հնամաշ թղթային կրիչների վրա առկա այս արժեքավոր փաստաթղթերը կորստի դեպքում վերականգնման ենթակա չէին լինի: Պետական նշանակություն ունեցող տեղեկատվության պահպանումը և շարունակական հասանելիությունը, ինչպես նաև նոր ստացվող թղթային և էլեկտրոնային նյութերի զուգահեռ թվայնացումը երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ ֆոնդի նյութերի թվայնացմանը, ինչը հնարավոր դարձավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ 2015 թվականից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում: Ծրագրով ակնկալվում է թվայնացնել օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված երկրաբանական հաշվետվություննները և քարտեզագրական ու գծագրական փաթեթները:
Տեղեկատվության հանրայնացում
Ֆոնդում առկա նյութերի թվայնացումը ոչ միայն ապահովում է էլեկտրոնային կրիչների միջոցով դրանց պահպանումը, այլև հնարավորություն է ընձեռում դրանք հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին:
Թվայնացված տեղեկատվական բազան այսուհետ հասանելի կլինի հանրությանը այս կայքի միջոցով: Կայքը օգտակար աղբյուր կհանդիսանա քաղաքականություն մշակողների, հետաքրքրված գործարարների և քաղաքացիական հասարակության, հետազոտողների և ուսումնական հաստատությունների, լրագրողների և յուրաքանչյուր քաղաքացու համար` տեղեկատվություն ստանալու հանքավայրերի և հանքերևակումների մասին:
Ակնկալվում է, որ հսկայական ծավալի երկրաբանական տեղեկատվության հասանելիությունը և տեղեկացված երկխոսության ձևավորումը կնպաստի Հայաստանում երկրաբանական գիտության զարգացմանը, ընդերքօգտագործման արդյունավետության բարձրացմանը և պետական քաղականության մշակման ընթացքում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը: