Ֆոնդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

 

ՀՀ երկրաբանական ծառայությունն իր գոյության ավելի քան 90 տարվա ընթացքում անցել է բավականին մեծ ստեղծագործական ճանապարհ, որի ընթացքում երկրաբանների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ուսումնասիրվել և շահագործման են հանձնվել մեծ թվով մետաղական, ոչ մետաղական, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի հանքավայրեր, հայտնաբերվել են մի շարք հանքերևակումներ, որոնք կարիք ունեն հետագա ուսումնասիրման։

Արդյունքում, հանրապետությունում ստեղծվել է հզոր հանքահումքային հենք, որի շնորհիվ տնտեսության բազմաթիվ ճյուղեր են զարգացել` լեռնահանքային, քիմիական և մասամբ սննդի արդյունաբերությունները, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսությունը և այլն։

Հատկապես խորհրդային տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում ընդերքի ուսումնասիրման տարբեր ճյուղերի զարգացմանը, և երկրաբանական-հետախուզական աշխատանքների ընդհանուր պետական ֆինանսավորումը հանրապետությունում հասել էր աննախադեպ բարձր չափերի։ Այս տարիների ընթացքում երկրաբանության ոլորտում ներդրվել է ավելի քան 500.0 մլն. ռուբլի։ Եվ  պատահական չէ, որ հենց այդ ժամանակահատվածում հայտնաբերվեցին և հետախուզվեցին օգտակար հանածոների բազմաթիվ հանքավայրեր, որոնցից մի քանիսը դասվում են խոշորագույն հանքավայրերի շարքին։ Նման հանքավայրերի շահագործումը զգալի դեր են կատարել և կատարում  Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում։

Ներկայումս առկա են բազմաթիվ հանքային տարածքներ, որոնք հեռանկարային են երկրաբանական ուսումնասիրման և նոր հանքավայրերի հայտնաբերման համար։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանում լեռնային գործը հայտնի է հին դարերից, որի մասին վկայում են հնեագիտական բազմաթիվ բրածոները, հին լեռնային փորվածքների հետքերը, ինչպես նաև պղնձի, երկաթի, ոսկու և այլ մետաղների ձուլվածքները։

Առանձին հանքավայրերի և հանքային շրջանների վերաբերյալ երկրաբանական  առաջին տեղեկությունները վերագրվում են 18-րդ դարի վերջերին, երբ Շարդենը առաջին անգամ նկարագրեց Սևանա լիճը, իսկ Ռեինեգսը՝ Ախթալայի հանքավայրը։

Երկրաբանական ուսումնասիրությունները Հայաստանում սկսել են կատարվել 19-րդ դարի սկզբներից, արտերկրից եկած մասնագետների կողմից, և կրել են էպիզոդիկ բնույթ։

1824-1835թթ. ինժեներ Ոսկոբոյնիկովի կողմից  ուսումնասիրվել և նկարագրվել են  Ախթալայի և Ալավերդու հանքային մարմինները։ Նա հանդիսանում է նաև Հայոցձորի և Ծաղկաձորի շրջանների որոշ հանքավայրերի առաջին հետազոտողը։

1844 թվականից Հայաստանի ընդերքի կանոնավոր (սիստեմատիկ) ուսումնասիրությամբ զբաղվել է Գերման Աբիխը, որին պատկանում է Հայաստանի առաջին ամփոփ՝ 1։420000 մասշտաբի երկրաբանական քարտեզը։

19-րդ դարի կեսերից ձևավորվեց ,Կովկասյան լեռնային վարչությունըե, որի մասնագետները (Իվանիցկին` 1851-1852թթ, Կլեպանովը, Ռիպսը` 1865-1866թթ և այլն) աշխատել են Հայաստանում Գ. Աբիխի հետ միասին։ Վերջիններիս կողմից կատարվել են որոնողական աշխատանքներ Դիլիջանի ոսկեբեր տարածքներում։

Մինչ հեղափոխության ժամանակահատվածը Ա. Կոնյուշևսկու, Ն. Լեբեդևի, Ն. Մոռոզովի, Գ. Սմիրնովի և Օ. Կարապետյանի կողմից  տրվել են հյուսիսային Հայաստանի պղնձի և բազմամետաղային հանքավայրերի մանրամասն երկրաբանական նկարագրությունները։

Երկրաբանության և առանձին հանքային շրջանների և հանքավայրերի պլանային և ավելի խորը հետազոտություններ սկսվեցին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո։

Խորհրդային Հայաստանում պետական երկրաբանական ծառայությունը կազմավորվել է 1923թ. հանրապետության Ժողտնտեսության Համամիութենական Խորհրդին կից «Լեռնային բաժնի» ստեղծմամբ, որը ղեկավարել է Յ.Ե. Զուրաբովը` Ա.Ֆ. Աբրամյանի մասնակցությամբ, ովքեր Հայաստանի լեռնային հարստության խոշոր գիտակներից էին։ «Լեռնային բաժնի» առաջին գործերից է Սևանա լճի ավազանի քրոմիտների և Հայոցձորի բազմամետաղային հանքավայրերի ուսումնասիրությունը։

Ստորև աղյուսակում տրվում է Հայաստանի երկրաբանական ծառայության կազմավորման պատմությունը

Հ/Հ

Մարմնի անվանումը

Մարմնի ստեղծման տարեթիվ

Մարմնի ղեկավար

1

Հայաստանի Համամիութենական Ժողտնտեսության Խորհրդին կից «Լեռնային բաժին»

1923

Յ.Ե.Զուրաբով

2

Հայաստանում ԽՍՀՄ Գլխավոր երկրաբանական վարչության «Ներկայացուցչություն»

1929

Ա.Ս.Զորաբյան

3

Անդրկովկասյան տրեստի Պետական հիդրոերկրաբանական-հետախուզական վարչության «Հայկական երկրաբանական բազա»

1931

Գ.Գ.Սարգսյան

4

«Անդրկովկասյան տրեստի Հայկական երկրաբանական բյուրո»

1934

Բ.Գ.Մելքումյան,

Գ.Ա.Դալլաքյան

5

«Հայերկմին» կազմակերպություն

1937

Գ.Ա.Դալլաքյան

6

«Հայկական պետական երկրաբանական վարչություն»

1938թ.-ին Հայ.ՊԵՎ-ին կից ստեղծվեց երկրաբանական ֆոնդ (ԽՍՀՄ ԺԿԽ 27 նոյեմբերի 1937թ. թիվ 2042 որոշում)

1938

Գ.Մ.Հարությունյան

7

ՀԽՍՀ նախարարների խորհրդին կից «Երկրաբանության և ընդերքի պահպանության վարչություն»

1957

Գ.Մ.Հարությունյան,

Ա.Տ.Ասլանյան

8

«Հայպետերկկոմիտե»

1964

Ա.Տ.Ասլանյան

9

«Հայաստանի ԽՍՀ ՄԽ կից երկրաբանական վարչություն»

1965

Ա.Տ.Ասլանյան,

Է.Խ.Ղուլյան

10

«Հայերկրաբանական» արտադրական միավորում

1987

Է.Խ.Ղուլյան,

1988թ.-ից՝

Ռ.Ե.Կարապետյան

11

ՀՀ  «Հայպետընդվարչություն»

1992

Ռ.Ե.Կարապետյան,

1993թ.-ից՝

Լ.Ս.Սարգսյան

12

1996թ.-ից հանդիսացել է ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանում

13

2008թ.-ից մինչ 2019թ-ը գտնվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմում

14

2019թ-ից գտնվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում

 

Հայաստանի երկրաբանական ծառայության կողմից մինչև 1938թ. կատարված ոչ մեծ ծավալի երկրաբանական աշխատանքները հիմնականում նպատակաուղղված են եղել շահագործվող հանքավայրերի լրահետախուզմանը և մասամբ նոր հանքավայրերի ու հանքերևակումների ուսումնասիրությանը։

1938թ-ից  Հայկական պետական երկրաբանական վարչության կազմավորումից հետո երկրաբանական աշխատանքների ընթացքն արմատապես փոխվեց։ Սկսվեցին հանրապետության ընդերքի սիստեմատիկ և պլանավորված երկրաբանական ուսումնասիրությունները։

Երկրաբանների արգասաբեր աշխատանքի շնորհիվ ուսումնասիրվեց և շահագործման հանձնվեց Քաջարանի պղինձ-մոլիբդենի հանքավայրը, որը հանդիսանում է խոշորագույն հանքավայրը հանրապետությունում և դասվում է աշխարհի խոշոր հանքավայրերի շարքին։

1939-1990թթ. ավարտվեց 20 մետաղային հանքավայրերի մանրամասն հետախուզությունը, որոնց արդյունաբերական պաշարները հաստատվեցին ԽՍՀՄ Օգտակար Հանածոների Պաշարների Պետական Հանձնաժողովի կողմից։

Ոչ մետաղային օգտակար հանածոներից (բացառությամբ շինանյութերի հանքավայրերի) 1939-1990թթ. հայտնաբերվել, ուսումնասիրվել և պատրաստվել են արդյունաբերական շահագործման 46 հանքավայրեր։

Նույն ժամանակահատվածում  հետախուզվել և շահագործման է հանձնվել 233 շինանյութերի հանքավայրեր։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերը։ Նույն ժամանակահատվածում ուսումնասիրվել և հաշվարկվել են 39 ստորերկրյա քաղցրահամ ջրերի և 16 հանքային ջրերի հանքավայրերի պաշարներ։

Քաղցրահամ ջրերի հանքավայրերից համեմատաբար նշանակալից են՝ Արարատյան արտեզյան ավազանը, Գառնիի, Ապարան-Քուչակի աղբյուրները։

Հանքային ջրերի հանքավայրերից կարելի է առանձնացնել Ջերմուկի, Արզնիի, Դիլիջանի, Բջնիի հանքավայրերը։

Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել հանրապետության տարածքի տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության ուղղությամբ։ Կազմվել են ՀՀ տարածքի 1։200000 և 1։50000 մասշտաբով տարատեսակ քարտեզներ, իսկ որոշ տարածաշրջանների համար՝  1։25000 և 1։10000 քարտեզներ։

1939-1990թթ. ժամանակահատվածում երկրաբանական-հետախուզական աշխատանքների ընդհանուր պետական ֆինանսավորումը հանրապետությունում կազմել է շուրջ 494.0 մլն. ռուբլի։

Երկրաբանական-հետախուզական աշխատանքները դրական արդյունք չեն գրանցել միայն նավթի և գազի որոնման աշխատանքների մասով։ Այդ տարիների ընթացքում հայտնաբերվել են այրվող գազի և նավթի փոքր գոյացումներ։ Սակայն այդ աշխատանքների անուղղակի արդյունքներն են եղել Երևան քաղաքի շրջանում խոշոր աղային ավազանի, նոր հանքային աղբյուրների հայտնաբերումը և հանրապետության տարածքի խորքային երկրաբանական կառուցվածքի մասին արժեքավոր երկրաբանական տեղեկատվության ստացումը։

Մինչ ԽՍՀՄ փլուզումը երկրաբանական-հետախուզական աշխատանքների տարեկան պետական ֆինանսավորումը հանրապետությունում 80-ական թվականներին հասել էր աննախադեպ բարձր չափերի` 21 մլն. ռուբլու /ԱՄՆ-ի 25 մլն դոլարին համարժեք/։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն կտրուկ նվազեց։ Սակայն, մինչև անգամ, հանրապետության համար ճգնաժամային 1995-1996թ-ին, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական ֆինանսավորումը կազմում էր շուրջ 400մլն. ՀՀ դրամ։  Ներկայումս այդ աշխատանքներն իրականացվում են հիմնականում մասնավոր ընկերությունների կողմից՝ սեփական միջոցների հաշվին։

Վերջին 25 տարիների ընթացքում բավականին համալրվել է հանրապետության հանքահումքային հենքը մասնավոր ներդրումների արդյունքում։ Հայտնաբերվել և շահագործման են տրամադրվել ավելի քան 300 ոչ մետաղային հանքավայրեր և մետաղային այնպիսի հանքավայրեր, ինչպիսիք են Թեղուտի պղինձ-մոլիբդենի, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների, Մղարթի ոսկու, Թուխմանուկի ոսկու հանքավայրերը և այլն։

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանական ուսումնասիրության լուրջ աշխատանքները սկսվել են կատարվել անցած դարի 30-ական թվականներից։ Այդ աշխատանքների արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունների հաշվառման, համակարգման, պահպանման, ամփոփման անհրաժեշտությունից ելնելով՝ 1937թ. նոյեմբերի 27-ին ԽՍՀՄ ԺԿ Խորհրդի թիվ 2042 որոշմամբ, Հայկական պետական երկրաբանական վարչությանը կից ստեղծվեց «Հանրապետական երկրաբանական ֆոնդը», որն առ այսօր մշտապես իրականացնում է իրեն վերապահված գործառույթները։

Ստորև աղյուսակում տրվում է Հայաստանի Երկրաբանական ֆոնդի կազմավորման պատմությունը.

Կազմակերպության անվանումը

Կազմակերպության ղեկավարը

Ղեկավարման տարիները

Երկրաբանական ֆոնդ

 

Պ.Պ. Թանիռյան

1938 - 1951

Թ.Ն. Թումանյան

1951 - 1960

Լ.Մ. Ռադոպուլո

1960 - 1969

Ռ.Ս. Ծատուրյան

1969 - 2001

Ռ.Ա. Հարությունյան

2001 - 2002

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ

Ռ.Ա. Հարությունյան

2002 - 2007

Գ.Ս. Հովսեփյան

2007 - 2020

Հ.Ի. Մովսիսյան

2020 հունիսից

 

Ներկայումս «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն ունի 12 աշխատակից՝ հետևյալ կառուցվածքով.

Ղեկավար անձնակազմ

Ֆինանսահաշվապահական բաժին

Հաշվառման և տեղեկատվության բաժին

Օգտակար հանածոների պետական կադաստրի բաժին

Ծառայությունների բաժին

Տեխնիկական սպասարկող անձնակազմ։

Անհրաժեշտ է փաստել, որ Երկրաբանական ֆոնդի ստեղծման պահին հաշվառվում էր ընդամենը 1250 հաշվետվություն։ Շուրջ 80 տարիների  ընթացքում ստեղծվել է հզոր տեղեկատվական բազա և ներկայումս Հանրապետական երկրաբանական ֆոնդում հաշվառվում են ավելի քան 12500 նյութեր, այդ թվում՝ օգտակար հանածոների 871 հանքավայրեր (43 մետաղային, 760 ոչ մետաղային, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24 հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղային և 449 ոչ մետաղային), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղային։

Հաշվառման վերցված նյութերից  ավելի քան 7500-ը հաշվետվություններ են՝ իրենց քարտեզագրական և գծագրական փաթեթներով, իսկ շուրջ 5000-ը՝ ֆոնդային այլ նյութեր (հորատանցքերի անձնագրեր և հաշվառման քարտեր, հանքավայրերի անձնագրեր, օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություններ և պայմանագրեր, օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի և շարժի վերաբերյալ տվյալներ և այլն)։

2002թ. հոկտեմբերի 31-ի ՀՀ կառավարության թիվ 1758-Ն որոշմամբ, երկրաբանական ֆոնդի հենքի վրա, ստեղծվեց շահույթ չհետապնդող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ վերջինիս վերապահելով ինչպես ընդերքի վերաբերյալ տեղեկությունների պահպանման, այնպես էլ համակարգման և վերլուծական գործառույթներ, ընդունելով  այդ գործառույթների միմյանց փոխկապակցվածությունը և գործողությունների իրականացման արդյունավետությունը։

Կազմակերպության գործառույթներն են`

  • Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը,
  • օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը,
  • հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը,
  • երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված տեղեկությունների ընդունումը, պահպանումը և տրամադրումը,
  • երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը,
  • միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ,
  • երկրաբանական ֆոնդում հաշվառվող օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումն ու վարումը:

Ծառայությունների մատուցում`

  • Երկրաբանական ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում,
  • Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության վերաբերյալ փաստաթղթերի պատճենահանում, համակարգչային սկանավորում և համակարգչային տպում։

Ընդերքի վերաբերյալ տեքստային և գրաֆիկական տեղեկատվությունը պահպանվում է թղթային տեսքով, որոնք տարիների ընթացքում մաշվել են և հետագա կիրառման համար առաջացնում են լուրջ բարդություններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդերքի վերաբերյալ երկրաբանական տեղեկատվության կորուստն անվերադարձ է, և գնահատելով երկրաբանական ֆոնդում պահպանվող տեղեկատվության կարևորությունը, 2016թ երկրորդ կիսամյակից ՀՀ կառավարության որոշմամբ  իրականացվում է ֆոնդային նյութերի թվայնացում, որը նախատեսվում է ավարտել 2017թ. վերջին։ 

Այդ աշխատանքների արդյունքում ստեղծվել է նաև տվյալ ինտերնետ կայքը, որում զետեղվելու են թվայնացված տվյալների ողջ շտեմարանը։

Երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Այն իրականացվում է ֆոնդում առկա և պարբերաբար ֆոնդ ներկայացվող նյութերի հաշվառման ու վերլուծության հիման վրա։

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն իր գործառույթներով և բնույթով միակն է հանրապետությունում։ ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ոչ միայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, այլ նաև մյուս գերատեսչությունների ստորաբաժանումների համար՝ իրականացնելու ընդերքօգտագործման ոլորտին առնչվող իրենց վերապահված գործառույթները։ Այն նաև հսկայական տեղեկատվական բազա է հանդիսանում գիտակրթական հատվածի, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների և այլ շահառուների համար։